Գլխավոր » 2011»Հունիս»29 »
Վրաստանի Հայ գրողների «Վերնատուն» միության համաժողով Թբիլիսիում
12:30
Վրաստանի Հայ գրողների «Վերնատուն» միության համաժողով Թբիլիսիում
Հունիսի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության օժանդակությամբ, Թբիլիսիում խորհրդարանի գրադարանի ժողովասրահում տեղի ունեցավ վրաստանի հայ գրողների համաժողով:
Համաժողովին մասնակցեցին Վրատանաբնակ հայ ստեղծագործողներ երկրի տարբեր շրջաններից, Սամցխե-Ջավախք, Քվեմո-Քարթլի և մայրաքաղաք Թբիլիսիից:
Շրջաններից համաժողովի անդամները ժամանեցին Թբիլիսի, որտեղ իրենց դիմավորեց թեմի «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը։ Միանալով մայրաքաղաքի մասնակիցներին՝ ստեղծագործողները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի առաջնորդարանում:
Համաժողովի անդամներն այցելեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոն, ծաղիկներ զետեղեցին հայ մեծերի շիրիմներին, թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն:
Այնուհետև համաժողովի անդամները այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և մասնակցեցին աղոթքի արարողությանը, որից հետո թեմի առաջնորդն իր շնորհաբաշխ օրհնությունը բերեց մասնակիցներին:
Համաժողովը իր լավագույն մաղթանքներով բացեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Ելույթ ունեցան «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը և միության շուրջ երեսունհինգ անդամներ:
Սրբազան Հայրը հորդորեց ստեղծել և ստեղծագործել ազատ և անկեղծ՝ ի նպաստ հայ գիր ու գրականության պահպանությանը և մատաղ սերնդին փոխանցմանը:
Համաժողովը անցավ աշխատանքային մթնոլորտում: Ինչպես Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի, այնպես էլ Թբիլիսիի անդամները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, առաջ քաշեցին առկա խնդիրներն ու հարցերը: Հիմնական հարցադրումը գրքերի տպագրության խնդիրն է:
Համաժողովի ավարտին տեղի ունեցավ ճանաչված վիրահայ թարգմանիչ, գրող, հարապարակախոս Անահիտ Բոստանջյանի «Նժարի Զույգ ափերի» մեջ և նույնպես ճանաչված Գևորգ Սնխաչյանի «Ընտրանի»-ի շնորհանդես, և ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ՝ «Վերնատուն» տարեգրքի շնորհանդեսը:
Շնորահանդեսին ներկա գտնվեցին Թբիլիսիի հասարակական և պետական գործիչներ՝ մտավորականներ: