Օգոստոսի 18-ին ժամը 20:00-ից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճը կիսամութ էր, ու դաշնամուրի վրայի լամպն էր միայն լուսավորում սրահը: Փակ վարագույրներն այս ու այն կողմ էին շարժվում քամուց: Այս տեսարանն իրենց կատարումներով լրացնում էր ‘’Խաչատրյան Տրիո’’-ն` ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Համերգը կրում էր "Երաժշտական շրջագայություն’’ խորագիրը: Ամառ, երեւանյան շոգ եւ արձակուրդների շրջան, որ խթանել էին տրիոյին կազմակերպել համերգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ճամփորդել, բայց քաղաքում են: Իսկ շրջագայությունն ավելի պատկերավոր դարձնելու համար սրահում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվում էին տարբեր երկրների գեղատեսիլ վայրերը: Շոպենի, Շուբերտի, Դվորժակի, Ռախմանինովի, Դեբյուսիի, Բարտոքի, Գերշվինի, Խաչատուրյանի ստեղծագործություններից հնչեցին համերգին:
Համերգի կազմակերպման գաղափարը Հայաստանում Լեհաստանի դեսպանատանն էր: Հինգշաբթի օրերին նման համերգներ կազմկակերպելը լեհ արքաներն են ավանդույթ դարձրել: Այժմ նաեւ մեզ մոտ` Արամ Խաչատրյանի տուն- թանգարանում, ամեն հինգշաբթի երաժշտասերները կարող են վայելել դասական երաժշտության երեկոներ:
"Խաչատրյան Տրիո’’-ն ակտիվ գործունեության մեջ է, հանգստանալու ժամանակ չունի: Խումբը համերգներ կունենա Երեւանում, իսկ սեպտեմբերի սկզբին ջութակահար Կարեն Շահգալդյանը կմեկնի Լոնդոն եւ Խաչատուրյանի կոնցերտը կնվագի "Royal Festival Hall”-ում, իսկ սեպտեմբերի 16-ին տրիոն համերգով կմեկնի Թբիլիսի:
Սեպտեմբերի վերջին հայ հանդիսատեսը կրկին կվայելի տրիոյի կատարմամբ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:):