Գլխավոր » 2011»Օգոստոս»16 »
Խոհարարների միջազգային օրը հայերը կհամտեսեն ավելի քան 22 երկրների խոհանոցների ուտեստներ
13:28
Խոհարարների միջազգային օրը հայերը կհամտեսեն ավելի քան 22 երկրների խոհանոցների ուտեստներ
Հայաստանում առաջին անգամ կնշվի Խոհարարների միջազգային օրը, որի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան համտեսել ավելի քան 22 երկրների խոհանոցների ուտեստներ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը: Խոհարարների միջազգային օրվան` հոկտեմբերի 20-ին նվիրված միջոցառումը կտեւի երեք օր` մինչեւ հոկտեմբերի 22-ը, եւ, ամենայն հավանականությամբ, այն կանցկացվի Հյուսիսային պողոտայում:
Փառատոնին մասնակցելու ցանկություն է հայտնել Ավագ խոհարարների միավորումների համաշխարհային ասոցիացիայի 95 անդամ երկրներ, բայց Արմեն Մանդալյանի խոսքով` դա կապված է մի շարք տեխնիկական հարցերի հետ, առայժմ մասնակից երկրների հստակ թիվը հայտնի չէ, նվազագույնը 22 երկրներ կներկայացնեն իրենց խոհանոցը: Փառատոնին հայկական խոհանոցը ներկայանալու է լավագույնս:
Արմեն Մանդալյանը նշեց, որ լավագույն կազմակերպությանը մրցույթային ձեւով կառաջարկվի ներկայացնել ազգային խոհանոցը: Տարածաշրջանի երկրները եւս հրավիրվել են մասնակցելու փառատոնին, բայց դեռ հստակ չէ` նրանք կմասնակցեն, թե ոչ: Արմեն Մանդալյանը նշեց նաեւ, որ փառատոնին նախապատրաստվելու համար ստեղծվելու է օտարերկրյա խոհարարների թիմ:
Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով` նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա եւ տարեցտարի ավելացնել մասնակից երկրների թիվը: Ի դեպ, Խոհարարների հայկական ասոցիացիան արդեն հայտ է ներկայացրել Ավագ խոհարարների միավորումների համաշխարահային ասոցիացիայի անդամ դառնալու համար, որը սեպտեմբերին կհաստատվի: