Շառլոտկա, կտուր, sms Երևակայությունս մթնշաղի գույն ունի ու դրա նման արագ ինչ-որ բան է ասում ու մեղմ կոպերս համբուրելով` հալչում մատներիս արանքում, չեմ հասցնում բռնել.. մնա…մնա մի քիչ էլ: Մեղմ պտույտներով գալարվում էի քամիների առանցքի շուրջ, տաք հոսանքները գրկում էին ինձ: Աշխարհի բոլոր քարտեզները տանում են նրա տուն: Սառնարանից հանեցի երեկ գյուղից բերված մածունը: Մեծ ու խորը ափսեն լիքը լցրեցի,վրան պահեցի` դանդաղ գալարելով մեղրի գդալը: Մեղրը ծորալով թափեց ցած: -Մեղրով մածուն ուզում ես: Խրթ,խրթ,խրթ: Մայրս խնձորների կեղևն էր կլպում,երկար գալարվում էին, ընկնուն էին ցած: Խրթ,Խրթ... Պատուհանին նստած կատոււն պոչն էր շարժում, հիպնոսացած նայում էր դիմացի ծառին ճյուղ-ճյուղ թռնող ծտին: -Համով ա… Երկար ժամանակ է ոչինչ չեմ արել, ծորալով անոթների ձև ընդունելը ավելի հեշտա, քան հետո դրանցից դուրս գալը: Սպասում էի,որ ինձ sms գրի, հեռախոսիս հաճելի ծլնգոց գա` ուրախ մի շնչով իրա message կարդամ: Այսօր թեկնածուականն է պաշտպանելու: Տենաս ոնց անցավ: Մաման շառլոտկա է պատրաստում: Խնձորները մանր-մանր կտրատած դասավորել էր թավայի մեջ,վրան հարած ձու թթվասեր,շաքարավազ: Տենաս էն տանը ինչ եղավ, դէ էն տանը, էն որ ասում էիր. մաշված կտուրով, որ փայտէ դուռ ուներ, գաղջ պատերով էլ ջուր էր հոսում, երբ անձրև էր գալիս: Իրանք էնտեղ նստած էին,հա, կտուրում: Մայրս շառլոտկայի ջրիկ խմորը գդալով լցնում էր խնձորների վրա, խմորը ծորալով թափվում էր գդալից, ափսեից էլ կաթ-կաթ կաթում էր ցած` խնձորների վրա: Մնացած խմորը ափսեի պատերից դանակով քերեց, քսեց խնձորներին: Հեռախոսը վերցրի ու սկսեցի հավաքել, ի վերջո իր պաշտպանությունն է, ես պիտի հարցնեմ` ոնց անցավ: Վախի սարսոււռ անցավ մարմնովս, ամեն անգամ վախում էի, երբ իրեն sms էի գրում: Մայրս մեջքիս հետևում դարակից ինչ-որ բան էր փնտրում, ձեռքով փակեցի հեռախոսի էկրանը, իրա անունը գրել էի, չէի ուզում իմանար, որ նրան sms եմ գրում: "ջան, Բարև: Ոնց ես: Ոնց անցավ:” Կատուն փորփրվում էր աղբի դույլում, գլուխը մտցրել էր մեջը ու ինչ-որ բան էր փնտրում: Դույլը շրխկոցով ընկավ, մեջի աղբը թափեց, կատուն շարունակում էր փորփրվել դրանում,հիմա ավելի հեշտ էր: sms չկար: Ձեռքս սեղմեցի տաք բաժակին: Կանաչ թեյ, ավելի ուժեղ սեղմեցի ձեռքս ու բաժակը վերցրեցի սեղանից: Քաղցր էր: Հաճելի բուրմունքով էր: Գդալով խառնեցի: Կանաչ թեյիկները սկսեցին պտտվել բաժակիս մեջ, պտույտներով ընկան ցած: Աղջիկը հնամաշ վերմակով փաթաթված, տղան պապիկի հնամաշ վերարկուն ուսերին: Բա ինչ էին ընդեղ անում: Տեղ չունեին գնալու: Էնտեղ ուր տաք է ու պատերից ջուր չի հոսում… Ֆզզզզ..Մաման միքսերը միացրեց, դռռալով սկսեց խփել հավկիթները, հետն էլ թթվասերը շաքարավազով, որ լցնի խնձորների վրա,որ եփի, որ շառլոտկա ուտենք: Մեղրով մածուն եմ ուզում: Հեռախոսս ստուգեցի: sms չկար: Քացախը լցրեց հարած զանգվածի վրա, սոդային դիպավ` թշշոց եկավ: Էլի միքսերը միացրեց, նորից սկսեց զանգվածը հարել, էս անգամ սոդան ու քացախը հետը: Մաման ասում էր, որ չի ուզում,որ իր սխալները անեմ,նայում էր ինձ ու մտածում,որ նույն ձևով եմ նրան սիրահարված, ոնց որ ինքը հորս: Բոլորը խոսքերը մեկ արած ասում էին, որ ինքը իմ համար չի’: Գիտեի որ տենց չի, բայց էլի իրանց լսում էի: Եթե էտ կտուրով տան տեղը ասես` ես իրենց համար խորը ափսեով թանձր գյուղի մածուն կտանեմ, մեջն էլ մեղր, լիքը լիքը մեղր: Դռռ,դռռ, դռռ..Մայրս շարունակ հարում էր շառլոտկա դառնալու մեծ պոտենցիալ ունեցող` ներկայումս ջրիկ զանգված ձվերը, թթվասերը, շաքարավազը, քացախն ու սոդան: Սեղանը, որի վրա հենված էի դռռում էր: Նրանք ադպես նստած էին ու աղջիկը երբեմն-երբեմն ոտքերը մտցնում էր տղայի հագած պապիկի վերարկուի ծալքերի մեջ: Ախր շատ ցուրտ էր: Օդն էլ գաղջ էր: Բարակ մատներով կաթի բաժակներն էին բռնել ու խմում էին շուրթերը այրելով: Աղջիկը ոտքը ավելի խորը վերարկուի ծալքերը ուզեց մտցնել, ծունկը տղայի արմունկին կպավ ու կաթը թափվեց քթին, շուրթերին, այտերին, ծորաց վզի վրայով, կաթկթալով թափեց ցած վերնաշապիկի վրա: Երևի հոգնած է: Պաշտպանությունից հետո տուն կգա ու կգրի ինձ: Նա ինձ անպայման կգրի: Կամ գուցե անհաջող է անցել: Դե ամեն դեպքում կգրի ու ես կիմանամ: Ադպես անշարժ նայում էին իրար: Կաթը կաթ-կաթ թափվում էր դեմքից: Կտրուկ շարժումով հասավ նրան, երկու ձեռքերը դեմքին քսեց` կաթը մաքրեց:
|