Գլխավոր » 2011»Օգոստոս»11 »
Ա. Խաչատրյանի անվան տրիոն հրավիրում է «Երաժշտական շրջագայության»
11:48
Ա. Խաչատրյանի անվան տրիոն հրավիրում է «Երաժշտական շրջագայության»
Օգոստոսի 18-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում արվեստասերները հնարավորություն կունենան «Երաժշտական շրջագայություն» կատարելու. այսպես է կոչվում Ա. Խաչատրյանի անվան տրիոյի նոր ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, հուլիսից իրենք Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ իրականացնում են «Լեհական երաժշտական հինգշաբթի Ա. Խաչատրյանի տանը» նախագիծը:
Յուրաքանչյուր ամսվա նախավերջին հինգշաբթի օրը Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպվում է որեւէ հետաքրքիր երաժշտական միջոցառում: Նախագծի մեկնարկը տրվեց լեհ դաշնակահարուհի Քրիստինա Ռաձինսկայայի' հուլիսին տեղի ունեցած մենահամերգով: Այս ամսին տեղի ունենալիք համերգը երկրորդն է: Դա Ա. Խաչատրյան անվան տրիոյի յուրահատուկ ծրագիրն է: Այստեղ ընդգրկված են տարբեր կոմպոզիտորներ, կներկայացվեն տարբեր երկրներ: Համերգային ծրագիրը սկսվելու է լեհական արվեստով եւ ավարտվելու Ա. Խաչատրյանի երաժշտությամբ:
Ա. Գրիգորյանը նշեց, որ կցուցադրվեն նաեւ վիդեոսլայդեր, կադրեր, որոնք կներկայացնեն այդ երկրների տեսարժան վայրերը, այսինքն' նրանք, ովքեր կգտնվեն թանգարանում, համերգի ընթացքում կկարողանան երաժշտական շրջագայություն իրականացնել: Այս դեպքում եւս մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: