Հոկտեմբերի 8-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում կնշվի այս ինքնատիպ մշակութային օջախի հիմնադրման 80-ամյակը:
Հոբելյանական հանդիսություններին ընդառաջ` թատրոնում բեմադրության է պատրաստվում համաշխարհային թատերգության լավագույն ստեղծագործություններից մեկը` Ֆրիդրիխ Շիլլերի «Խարդավանք և սեր» քաղքենիական դրաման, որը բեմական մեծ ավանդույթներ ունի հայ թատրոնում: Այս բեմադրությունը կրում է փորձարարական բնույթ, որովհետև դերերով հանդես եկող վանաձորցիներ` ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Հովհաննիսյանի, արտիստներ Սարգիս Մանուկյանի, Ալլա Դարբինյանի, Արամ Մխիթարյանի, Էլֆիք Զոհրաբյանի, Արմինե Վերմիշյանի հետ բեմ կբարձրանան նաև նախկին աբելյանցիներ, այժմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը և Սամվել Փիլոյանը: Բեմադրությունն իրականացնում է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
Հոբելյանական մեկ այլ բեմադրության` Աղասի Այվազյանի «Առլեզ» բեմադրության մեջ ևս գլխավոր դերում հանդես կգա նախկին աբելյանցի, այժմ Սունդուկյանի անվան թատրոնի անվանի դերասանուհի Հասմիկ Ալեքսանյանը: Բեմադրության հեղինակը Նունե Խեչումյանն է: Հոբելյանական հանդիսությունների օրերին լույս կտեսնի ՀՀ մշակույթի նախարարության պատվերով ստեղծվող ալբոմ-ժողովածուն, իսկ ահա թատրոնի պատմությունն ամփոփող ստվարածավալ մենագրության տպագրության համար թատրոնը ակնկալում է սփյուռքում, մասնավորաբար Լոս-Անջելեսում ապրող վանաձորցիների աջակցությունը: Մոտ օրերս Գլենդելի հեռուստատեսության «Վանաձորցիներ» հաղորդաշարի տնօրինուհի Սիլվա Մարանդյան-Օհանյանը հանդես կգա կոչով` առաջարկելով լոսանջելեսաբնակ վանաձորցիներին իրենց նպաստը բերել արժեքավոր գրքի տպագրությանը:
ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԿՍՊԱՍԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ԽԱՂԻՆ. ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ, ՀԱՍՄԻԿԻՆ ԱԼԵՔՍՅԱՆ, ՌԱԶՄԻԿԻՆ ԽՈՍՐՈև և ՄՅՈՒՍՆԵՐԻՆ: ՁԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱԲԵԼՅԱՆՑԻՆԵՐ;
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]