Չորեքշաբթի, 04.12.2024, 12:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » "Այդ ո՞վ չգիտի, որ սա մեր հայրենիքն է"
14:14
"Այդ ո՞վ չգիտի, որ սա մեր հայրենիքն է"
Տիգրան Ներսիսյան
Report. am- ի զրուցակիցը դերասան Տիգրան Ներսիսյանն է

-  Որպես հայրենիքում ապրող եւ ստեղծագործող արվեստագետ (ոչ արտագաղթի ճամփան բռնած)` Հայաստանում գնահատված լինելու խնդիր ունե՞ք:

-  Ոչ, բացարձակ: Ես ինքնաբավ դերասան եմ: Երբեք չեմ ունեցել պարապուրդ, չեմ եղել գործազուրկ եւ անտեղի ոչինչ չեմ արել:

- Հայաստանի մշակութային կյանքի մասին ի՞նչ կասեք, այն Ձեզ գոհացնո՞ւմ է:

- Չի գոհացնում եւ չի կարող գոհացնել: Անելիքները շատ են` բարեփոխումների, առաջընթացի տեղեր շատ կան: Եվ այդ ամենը պետք է լինեն եւ թատրոնում, եւ կինոյում, եւ գեղանկարչության մեջ, եւ արվեստի բոլոր ոլորտներում: Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտի մասին պատկերացումներ, երազանքներ ունի: Իմ ոլորտը իմ երազանքներից շատ հեռու է:

-  Ձեր կարծիքով` ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար:

-  Բոլորս, այդ թվում` ես: Մենք ինչ- որ տեղ ինչ- որ բան սխալ ենք արել եւ շարունակում ենք սխալ անել: Մեկ մարդու մեղավորություն չէ, ամենքս մեր տեղերում մեղավորներ ենք, եւ որեւէ շտկում յուրաքանչյուրս պետք է իրենից սկսի: Գիտեմ, որ ես` թատրոնի դերասանը, քիչ լծակ ունեմ ինչ- որ բան փոխելու, բայց եթե շատ ցանկանամ…

-  Այսօրվա Հայաստանում Ձեզ ամենից շատ ի՞նչն է մտահոգում:

-  Արտագաղթը:

-  Դուք, ի տարբերություն շատ արվեստագետների, մնացիք եւ ստեղծագործեցիք հայրենիքում: Կարո՞ղ եք ինչ- որ գաղափարով արտագաղթից ետ պահել թեկուզ 1 երիտասարդի:

-  Կդժվարանամ: Ես իմ ընտանիքի հետ միասին բազմաթիվ առիթներ եմ ունեցել գնալու Հայաստանից, հաճախ եմ մեկնել եւ մեկնում եմ հյուրախաղերի, բայց միշտ վերադառնում եմ: Երբ 10 ամսական դստերս մեզ հետ տարել էինք ԱՄՆ`  հյուրախաղերի, մեր ԱՄՆ- ի ընկերները համոզված էին` վերջ, գնացել ենք մշտական բնակության: Մենք, ինչպես միշտ, վերադարձանք: Գիտե՞ք, պետք չէ ասել` երիտասարդներ, սա մեր հայրենիքն է, մի գնացեք: Այդ ո՞վ չգիտի, որ սա մեր հայրենիքն է: Ամեն մարդ էլ կցանկանա իր հող ու ջրում ապրել: Ուստի պետք է խորանանք, հասկանանք, թե ինչու են մարդիկ գնում: Ոչ ոք հայրենիքից հենց այնպես չի գնա: 

-  Մեր երկրում կա՞ մի բան կամ մի ոլորտ, որը, ըստ Ձեզ, կայացած է, եւ դրա անորակությունը Ձեզ ընդհանրապես չի մտահոգում:

-  Նման ոլորտ, ցավոք, չկա:

-  Որպես ՀՀ քաղաքացի հետաքրքրվո՞ւմ եք մեր երկրում հասարակական հնչեղություն ունեցող հարցերով:

-  Իհարկե, իմ երկրում են կատարվում, ինչպե՞ս կարող են չհուզել:

-  Ըստ ձեզ`  ո՞րն է եղել վերջին հասարակական հնչեղություն ստացած հարցը:

-  Սուրճի եւ կարագի գնաճը, կարկտահարությունը… Բայց ամենամտահոգիչն ինձ համար, որ կարելի է անվերջ համարել վերջին շրջանի հասարակական հնչեղության հարց, մեր մշակութային կոթողների հանդեպ անտարբերությունն է: Խոսում- քննադատում ենք, թե թուրքերը ջարդում են մեր խաչքարերը: Բա մեր արածն ի՞նչ է: Մենք պահպանո՞ւմ ենք մեր մշակույթը: Նախ մենք պետք է պահպանենք մեր եկեղեցիները, հետո հասարակական հնչեղություն տանք Վանում թուրքերի կողմից եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել- չտեղադրելուն: Այն, որ ուզում եմ Հանրապետության հրապարակի կառավարության շենքը գմբեթ ունենա, դա մեր մշակույթի պահպանությո՞ւն է, դա իրոք Թամանյանի՞ նախագիծն է, թե՞ Երեւանի ճարտարապետի:

-   Ի՞նչ կասեք Ձեր գործընկեր այն մտավորականների մասին, ովքեր հատկապես նախընտրական քարոզարշավների ժամանակ ինչ- ինչ հարթակներում են կանգնում ինչ- ինչ քաղաքական այրերի կողքին:

- Իսկ ի՞նչ է,  մտավորականը քաղաքացի չէ, չի՞ կարող համակրանք ունենալ որեւէ քաղաքական գործչի հանդեպ:

-  Դուք տեսնո՞ւմ եք  մարդ կամ քաղաքական ուժ, ում կողքին արժե կանգնել:

-  Իհարկե կան: Արտիստը կարող է գնալ եւ կանգնել որեւէ քաղաքական գործչի կողքին, հետո էլ նույն մարդուն քննադատել` հիմնավորմամբ, որ ես քեզ հավատացի, բայց դու չարդարացրեցիր իմ սպասելիքները: Ես կուսակցական չեմ, բայց եթե ուզենամ, կդառնամ: Ասեմ` նախորդ նախագահական ընտրություններին պաշտպանել եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ լավ եմ արել:

-  Բնականաբար, Ձեր իրավունքն է որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելը: Իսկ առհասարակ, Ձեզ մտահոգո՞ւմ է այն, որ այսօր իշխանավորները, թեկուզ ընդդիմադիր ուժերը  արվեստագետների, մտավորականության կարծիքի, խոսքի հետ գրեթե հաշվի չեն նստում: Մտածե՞լ եք` ինչու:

-  Մտահոգում է: Գտնում եմ, որ այդ հարցում մեղավոր են ինչպես քաղաքական այրերը, այդպես էլ մտավորականները: Թող իրենք իրենք հաշվետու լինեն, թե ինչի՞ց է, որ իրենց կարծիքների հետ հաշվի չեն նստում:

-  Իսկ եթե Ձեր օրինակով պատասխանե՞ք:

-  Նախ ես չգիտեմ` ես մտավորակա՞ն եմ, թե՞ ոչ: Ես այն մարդկանցից չեմ, որ հեռուստաէկրանից հայտարարում են. "Ես` մտավորականս…":  Հետո էլ հավելում. "Ի'մ ժողովուրդ": Մեկը լինի, հարցնի` ով ես դու, որ ժողովրդին համարում ես քոնը: Այդ Չարենցն ու Սեւակը կարող էին ասել` իմ ժողովուրդ…

-  Նկատի ունեք` այսօր չարենցներ ու սեւակներ չկա՞ն:

-  Կան, ինչո՞ւ չկան, ուղղակի նրանք չէ, որ խոսում են, երեւում եթերում, ուղերձներ հղում ժողովրդին… Գիտե՞ք, պաշտոնյաներն էլ իրենց հերթին չեն ուզում, որ հասարակության մեջ հեղինակություններ լինեն։

-  Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի վաղվա օրը:

-  Եթե իմ ընտանիքը այստեղ է, երեխաներս այստեղ են սովորում, ես եւ կինս աշխատում ենք Ազգային թատրոնում, իմ ծնողների շիրիմներն այստեղ են, նշանակում է` լավ եմ տեսնում վաղվա օրը:

-  Ձեր լավատեսությունն ի՞նչ հիմք ունի:

-  Սա ավելի շուտ իրատեսություն է. կան եւ լինելու են դժվարություններ, անարդարություններ,  կեղծիք, բայց կա եւ լավը: Ուղղակի պետք  է տեսնել:

-  Եղած լավերից մեկը նշեք, այդ լավատեսական նոտայով էլ ավարտենք զրույցը: Միայն  թե, խնդրում եմ, չարյաց փոքրագունը չնշեք, այլ` լավ մի բան, գոնե մեկը…

-  Վա՞տ է, որ Երեւանի շենքերը  սիրունացրել են, քաղաքը սիրունացել է…

Զրուցեց

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


Աղբյուր`http://www.report.am/news/culture/derasan-tigran-nersisyan.html


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 1876 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, Տիգրան Ներսիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Irin   (03.01.2014 12:52) [Նյութ]
That's an astute answer to a tricky qusotien

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0